Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Լուրեր

Լուրեր
15.08.2008 | 00:00

Մոտ արի կամա՜ց-կամա՜ց
Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս նրանց` Մյասնիկ Մալխասյանի, Ալիկ Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի... գործերը կուղարկվեն դատարան:
Թե Աղվան Հովսեփյանն ինչ «փաստարկներով» է կարողանալու ապացուցել իշխանության «յուրացման փաստը», կիմանա լոկ ինքը` Գառնիկիչը, սակայն փորձագետները միաբերան պնդում են, որ այդ բոլոր գործերը «պայթելու» են հենց դատարանում` իրենց հետ պայթեցնելով այլ «ձևած-կարածներին»: Բանն այն է, որ ԵԽ տված ժամկետները սեղմում են, և պարոն Համմարբերգի պահանջները՝ այդ գործերն արագ ուղարկել դատարան ու համաներմամբ ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, պետք է իրականության վերածել մինչև սեպտեմբերի 11-ը: Սակայն հայոց իրավապահ ու արդարադատ Գառնիկիչն այստեղ ևս շատ լուրջ խնդրի է բախվում: Բանն այն է, որ քաղբանտակյալները կտրուկ դեմ են համաներման սկզբունքի կիրառմանը, որովհետև կարծում են, որ իրենք ոչ մի մեղք չեն գործել, հետևաբար չեն էլ կարող «համաներվել»: Ոնց տեսնում եք` ոչ մի կողմից լավ չեն Աղվան Գառնիկիչի գործերը. ուրբաթ օրը նրան «մի քիչ» էլ փուռը կտա կրիմինալիստը. մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այս ուրբաթ մտադիր է հրավիրել կրիմինալիստին և նրան ուղղել իրեն հետաքրքրող հարցերը` որտե՞ղ են գտել ցուցարարներից «առգրավված» զենքերը, ինչպե՞ս են դրանք մշակվել, ինչպե՞ս են կարողացել «մատնահետքերը պահպանել» և այդպես շարունակ:
Հանձնաժողովի «հաջորդ հյուրն» էլ կլինի դատաբժշկական փորձագետը:
Կամաց-կամաց մոտենում են Գառնիկիչի ու Քոչարյանի հարցման ժամերը:
Կ.Դ.

Վերդիկտ
Թեև ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քանիցս հրապարակավ հերքել է արդեն իր մոտալուտ պաշտոնանկության մասին քաղաքական և լրագրողական շրջանակներում պտտվող լուրերը, սակայն լավատեղյակ աղբյուրներից մեզ հաջողվեց ճշտել, որ ՀՀԿ վերնախավում «վերդիկտը» կայացվել է հենց այն ժամանակ, երբ Ջոնիկ Աբրահամյանը պարտադրաբար հրաժարվեց պատգամավորական մանդատից՝ օրենսդիր աշխատանքի «էստաֆետը» փոխանցելով գործադիր իշխանությունում առանցքային պաշտոն զբաղեցնող իր եղբորը։ Ըստ մեր աղբյուրների՝ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու սցենարում ամենադժվար «միզանսցենը» կարճ «ռակիրովկայի» մեխանիզմն է եղել, սակայն այս պահին սույն հարցն էլ կարելի է լուծված համարել։ Փաստորեն, ՀՀԿ-ն որոշել է նույնությամբ «պլեճ» անել ՀՅԴ-ի կոշտ ձեռագիրը, որի գործադրմամբ նախ Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ԱԺ փոխխոսնակի աթոռից, հետո էլ դաշնակցական երեք նախարարները հետ կանչվեցին զբաղեցրած պաշտոններից։ Այլ խոսքով՝ գործեց կուսակցական դիկտատուրան, որն այս պարագայում, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու շրջանցել նաև Տիգրան Թորոսյանը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Եվրոպական տարազ՝ արևելյան տոնավաճառների հագով
Հյուսիսային պողոտայում, որը Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիների ամենահաջողված շինարարական բիզնես-պրոյեկտն է համարում, կան «պարապ» տարածքներ, որոնք առայսօր «մուշտարի» չունեն։ Իրազեկ աղբյուրները փաստում են, որ հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) վերջերս մեկնարկած «շարժումը» տոնավաճառներից անհատ ձեռներեցներին Հյուսիսային պողոտայի «խամ ու խոպան» տարածքներ մղելու հեռահար նպատակ է հետապնդում։ Տարածքներ, որոնց սեփականատերերը հիմնականում Քոչարյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ են կամ էլ նրա բիզնես-հետաքրքրությունների շրջանակը սպասարկող «օլոմբա»-գործարարներ։
Պաշտոնական մեկնաբանությունների համաձայն` տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելով՝ գործադիր իշխանությունը նպատակ ունի զարկ տալ քաղաքակիրթ առևտրի ժամանակակից ձևերին՝ արևելյան քարվանսարա հիշեցնող ճչան «յարմրկաներին» եվրոպական ոճի սուպերմարկետների վայելուչ «տարազ» հագցնելով։
Ոչ պաշտոնական մեկնաբանություններն էլ բոլորովին այլ նպատակ են ֆիքսում հույժ քաղաքակիրթ այս «ակցիայի» տակ, եզրակացնելով, թե ՀԴՄ-ների հաղթարշավը «խփելու» է հարկային դաշտում ճարպիկ խուսանավումներով առայսօր բարգավաճող տոնավաճառների գործին՝ հընթացս «ծաղկեցնելով» սուպերմարկետների ոչ այնքան աշխույժ բիզնեսը։
Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական աստառին, այստեղ էլ ամեն ինչ թափանցիկորեն պարզ է։ ՀԴՄ-ների տեղադրումը գործարարներին տոնավաճառներից «քշելու» է Հյուսիսային պողոտայի «չիրացված» տարածքներում կառուցվելիք սուպերմարկետներ, իսկ տարածքներն այդ, ինչպես ասացինք, «խիստ ին» քոչարյանամերձ։ Եվ սա այն դեպքում, երբ տոնավաճառների սերժսարգսյանամերձ տերերը հաստատ դժգոհ են մնալու իրենց թև-թիկունք նախագահից՝ այդ չարաբաստիկ ՀԴՄ-ներով սեփական բիզնեսը քաղաքակիրթ հարկման դաշտ բերելու համար։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ժառանգո՞րդ ալ չունիք
Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժն ամռանից սկսած անորոշ տարուբերումների մեջ է։ Քաղաքական գլոբալ խնդիրներում, որպես կանոն, բազմակարծությամբ ու անհատական մոտեցումներով առաջնորդվող «Ժառանգությունը» վերջին զարգացումներից հետո, թվում է, ավելի խճճվեց իր դիրքորոշումների մեջ և այժմ հայտնվել է բավականին անհասկանալի կարգավիճակում։ Հայտարարելով, թե ողջունում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, «Ժառանգությունը», այդուհանդերձ, չի շտապում ՀԱԿ-ի «դրոշի» տակ մտնել, և հայտնի էլ չէ՝ երբևէ կմտնի՞, թե՞ ոչ։ «Մտնել-չմտնելու» այս երկակի դիրքորոշումը, թերևս, հանգուցալուծվեր հօգուտ առաջինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կարգեր «ժառանգորդ»՝ Կոնգրեսի ձևավորմանն ու ֆինանսավորմանն առնչվող բոլոր խնդիրները վստահելով նրան, որպես չվարկաբեկված ու առավել ժողովրդականություն վայելող քաղաքական լիդերի։ Նման հեռանկարը, սակայն, քիչ հավանական է, եթե հաշվի առնենք, որ ժառանգորդի աթոռին հավակնում է նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում նկատմամբ Տեր-Պետրոսյանը հաստատապես շատ ավելի ջերմ զգացումներ է տածում։ Ինչ վերաբերում է բուն «Ժառանգության» ներսում տեղի ունեցող գաղափարական խմորումներին, այստեղ էլ վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Խորհրդարանական խմբակցության յոթ անդամներից մեկը, «Ժառանգությանը» մոտ մի պատգամավորի բնորոշմամբ, «Սերժի մարդն է», մյուսը՝ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, երրորդը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, չորրորդին «վերբովկա» են արել ուժայինները՝ անձնական ինչ-ինչ խնդիրներ շահարկելով։ Իսկ երկու կամ երեք պատգամավորով ընդդիմություն չես խաղա։ Խաղաս էլ՝ ծափ տվող չի լինի։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ստերի հերն անիծեցին
Այսպես կոչված «հայրենասիրական ընդդիմությունը», որի «վահանի» վրա Ռոբերտ Քոչարյանը հույս ունի հաղթանակած վերադառնալ իշխանական բուրգ, սաղմնային ամորֆ վիճակից ոչ մի կերպ չի կարողանում փոխակերպվել միս ու արյուն ունեցող կենդանի օրգանիզմի։ Մի քանի կուսակցությունիկների հենքի վրա միավորվելու անհաջող փորձեր անող այս «լժե օպոզիցիան» հար և նման է «Սուտլիկ որսկանում» Թումանյանի հնարած այն գյուղին, որի եղած-չեղածը չորս պառավ էր՝ «իրեքը՝ մեռած, մընի բերանումն էլ ըսկի շունչ չկա» տարբերակով։ Հիմա էս «անշունչ» ծերակույտի «օքմիններից մինը», բոլոր սուտլիկ որսկաններին տալով-անցնելով, հեռուստաեթերից ի լուր աշխարհի հայտարարում է, թե իրենց թիկունքին ոչ ավել-ոչ պակաս` հայ ընտրազանգվածի 60 տոկոսն է «շտիկի» պես կանգնած։ Ա՜յ քեզ փչանություն։ Մի հարցնող լինի՝ եթե հանկարծ էնքան քաջություն ունեցաք ու մի օր վերցրիք, գնացիք որսի, իմա՝ հանրահավաք կազմակերպեցիք, էդ 60 տոկոսի ո՞ր միլիոներորդական մասն է ձեզ հետ «թվանք» վերցնելու։ Թումանյանն էս հարցի պատասխանն ուներ. «Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի»։ Շա՜տ ճոխ «թվաբանություն» է ստացվում՝ հայրենասիրական ընդդիմություն դառնալու հովերով տարված «որսկանների» համար։
Լ. Մ.

Ստվերային կառավարությունից մինչև իշխանություն
Փաստելով, որ Հայ ազգային կոնգրեսն այլընտրանքային իշխանություն է, Լևոն Զուրաբյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ այն ունենալու է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ գործունեության ծրագիր: Կարճաժամկետը լուծելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ երկարաժամկետ գործունեությունը ենթադրում է հզոր քաղաքական դաշինքի ձևավորում, որն էլ կիրականացնի կառավարման գործառույթը` որդեգրելով ուրույն մոտեցումներ: «Համարեք այն նաև ստվերային կառավարության մոդել, բայց մենք մեր նպատակներին կամաց-կամաց հասնելու ենք»,- ասաց Զուրաբյանը, հավելելով, որ շարժման ներկայացուցիչների արտասահմանյան այցերի արդյունքում կոնգրեսը ձեռք է բերում միջազգային լուրջ ճանաչում:
Ռ. Խ.

Իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր
«Հայ ազգային կոնգրես» համաժողովրդական շարժումը խորապես անհանգստացած է հարևան Վրաստանում ստեղծված ճգնաժամային պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաև իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական և հումանիտար նոր բացասական հետևանքներով»,- նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ, որը երեկ ներկայացրեց շարժման անդամ Լևոն Զուրաբյանը: Տարօրինակ համարելով Հայաստանի իշխանությունների «ոչ համարժեք, տարակուսելի պահվածքը»` կոնգրեսն արձանագրում է. «Այս ամենի ամենացայտուն արտահայտությունը Սերժ Սարգսյանի բացակայությունն է, անվրդով հանգիստը Չինաստանում»: Առկա իրավիճակում հայտարարության հեղինակներն իշխանություններից պահանջում են անհապաղ ձեռնարկել մի շարք միջոցառումներ, մասնավորապես` հանդես գալ միջազգային հանրության նախաձեռնած միջնորդական ջանքերին սատարելու հայտարարությամբ, տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամությամբ, կազմակերպել ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների այցեր Ռուսաստան և Վրաստան` Հայաստանի արտաքին մատակարարումների անխափան ընթացքն ապահովելու համար, հանդես գալ Կարս-Գյումրի երկաթուղու ժամանակավոր ապաշրջափակման կոչով և այլն: «Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարժեք գնահատականների հիման վրա համալիր նախաձեռնողական գործողությունների մշակում և իրագործում: Հակառակ դեպքում Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, ինչպես նաև հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ մեր հարաբերությունների վատթարացման ողջ պատասխանատվությունը կընկնի իշխող վարչախմբի վրա»,- եզրակացնում, զգուշացնում են ընդդիմադիրները։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բռա՛վո, Կիկաբիձե
Վրաց-հարավօսական պատերազմի առնչությամբ ոչ միայն պատերազմող կողմերի, այլև միջազգային հանրության գնահատականներն են էականորեն տարբերվում: Նույնատիպ չէ նաև մտավորականների վերաբերմունքը։ Վրաց հայտնի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին է վերադարձրել Ռուսաստանի կառավարության կողմից իրեն շնորհված «Բարեկամության» շքանշանը: Ավելին, իր 70-ամյա հոբելյանին նվիրված աշնանային մոսկովյան հյուրախաղերը Կիկաբիձեն որոշել է չեղյալ հայտարարել: Փաստն այնքան էլ արտառոց չէ, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ծանր օրերին ու անորոշության շրջապտույտում ապավինում է իր մտավորականների ու արվեստի ռահվիրաների խելամտությանը: Աստված մի արասցե, որ հայերս նույնատիպ իրավիճակում հայտնվենք, սակայն ակամա հարց է առաջանում. արդյո՞ք Կիկաբիձեի պես կվարվեին Ռուսաստանի «շքանշանային» բարեհաճությանն արժանացած մեր արվեստագետները։
Ռ. Խ.

Դիտվել է՝ 4298

Մեկնաբանություններ

¦Ã‚ŻÂĂĄÂ ¢/1337001165" rel="nofollow">Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 19.11.2024